Եթե պլանավորում եք տեղադրել բրեկետներ կամ դեռևս մտածում եք այդ մասին, կարևոր է հասկանալ, որ հաջող բուժման համար անհրաժեշտ է ոչ միայն բժշկի պրոֆեսիոնալիզմն ու հմտությունները, այլև՝ ինքնակարգապահություն և բժշկի ցուցումներին խստիվ հետևելու պատրաստակամություն:
Բրեկետներով բուժման ընթացքում հիգիենայի կանոնների պահպանումը պարտադիր պայման է և կարող է բարդ թվալ,սակայն ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում, և այս դեպքում՝ նաև կարգապահություն:
Պետք է հաշվի առնել, որ ունիվերսալ ծրագրեր գոյություն չունեն, և ձեր դեպքում բուժման պլանը կարող է տարբերվել:
1-ին փուլ – Օրթոդոնտի խորհրդատվություն
Իրականում, առաջին փուլը օրթոպանտոմոգրաման է՝ ամբողջ ծնոտի պանորամային նկարը: Այն թույլ է տալիս բժշկին գնահատել ատամների ընդհանուր վիճակը, նկատել խնդիրները, բացակայող ոսկրային հյուսվածքի տեղերը և որոշել՝ արդյոք կարիք կա նախնական բուժման, ատամների հեռացման և այլն:
Օրթոպանտոմոգրամայի վավերականության ժամկետը մոտավորապես կես տարի է: Խուսափելու համար ավելորդ այցերից՝ այն կարելի է անել նախապես:
Խորհրդատվության ժամանակ բժիշկը, զննում կատարելուց հետո կներկայացնի բուժման հնարավոր տարբերակները, կքննարկի արժեքը, ինչպես նաև՝ հիգիենայի պահպանման կանոնները: Այցի ավարտին դուք կունենաք ամբողջական պատկերացում առաջիկա բուժման մասին:
Որպես կանոն, խորհրդատվությունից հետո բուժառուն որոշ ժամանակ մտածում է ստացած տեղեկության մասին և միայն այդուհետ կայացնում որոշում:
2-րդ փուլ – Բրեկետների տեղադրում
Եթե որոշում եք տեղադրել բրեկետներ, տեղեկացնում եք այդ մասին բժշկին, և նա նշանակում է համապատասխան ընդունելություն:
Այցի ընթացքում ձեզ կրկին մանրամասն կներկայացվեն բոլոր մանրամասները, և դուք կարող եք տալ ձեր բոլոր հարցերը:
Այնուհետև կատարվում է բրեկետների տեղադրումը և նրանց վրա նախնական ծանրաբեռնվածության կիրառումը:
Հիգիենայի միջոցներ.
Խորհուրդ է տրվում մինչև բուժումը ձեռք բերել բրեկետների համար նախատեսված հատուկ հիգիենայի միջոցներ: Բժիշկը կբացատրի՝ ինչ է անհրաժեշտ գնել և ինչպես օգտագործել դրանք:
Իրիգատոր գնելը նույնպես խորհուրդ է տրվում նախապես:
3-րդ փուլ – Բրեկետներով բուժում
Այս փուլը սովորաբար տևում է 1.5-ից 2 տարի: Հիվանդը մոտ մեկ ամիսը մեկ այցելում է բժշկին, ով կատարում է համապատասխան մանիպուլյացիաներ բրեկետների համակարգի հետ:
Չնախատեսված այցեր կարող են լինել՝ կապված բրեկետների պոկվելու կամ հավելյալ սարքերի տեղադրման հետ:
Բուժման ընթացքում, կախված իրավիճակից, կարող են փոխվել կամ նորացվել համակարգի բաղադրիչները, օրինակ՝ աղեղները:
4-րդ փուլ – Բրեկետների հեռացում
Այս փուլում բժիշկը հեռացնում է բրեկետները: Այնուամենայնիվ, բուժումը չի ավարտվում այստեղ:
5-րդ փուլ – Ռետենցիոն շրջան
Բրեկետների հեռացումից հետո ատամներն ու պերիոդոնտի հյուսվածքները դեռևս կայուն վիճակում չեն: Այդ պատճառով բժիշկը հնարավորինս արագ (նույն օրը) տեղադրում է ռետենցիոն սարք: Ռետենցիան նշանակում է «պահպանում»: Սարքի նպատակը ատամների ճիշտ դիրքը պահպանելն է՝ մինչև հյուսվածքների լիարժեք կայունացումը:
Խորհրդատվության և առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Elix Clinic ստոմատոլոգիական կենտրոնի օրթոդոնտին,խորհրդատվությունն անվճար է:
Elix Clinic կենտրոնում տեղադրվող իմպլանտների արժեքներին կարող եք ծանոթանալ այստեղ․