Ատամների պրոթեզները բացակա ատամներին փոխարինող, ինչպես նաև առանձին ատամների պսակների արատները վերացնող հատուկ հարմարանքներ են։ Ինչպիսի՞ պրոթեզներ են կիրառվում․
Շնորհիվ հարմարության և բարձր որակի՝ բյուգելային պրոթեզները հանդիսանում են շարժական պրոթեզավորման ամենապահանջված տեսակներից մեկը, ատամների մասնակի կամ նույնիսկ լրիվ բացակայության դեպքում: Բյուգելային պրոթեզները կազմված են մետաղե աղեղից, արհեստական ատամներից, որոնք ամրացվում են լինդը ընդօրինակող պլաստմասե հիմքին։
Բյուգելային պրոթեզների կիրառման գլխավոր պահանջն է գոնե մի քանի ատամի առկայությունը, որպեսզի հնարավոր լինի պրոթեզը ամրացնել դրանց վրա, կամ ոսկրային հյուսվածքի բավարար քանակի առկայությունը այն դեպքում, երբ բյուգելային պրոթեզները տեղադրվում են հեծանային կառուցվածքների վրա:
Բյուգելային պրոթեզների տեսակները
Բյուգելային պրոթեզները դասակարգվում են ըստ ամրացման եղանակի: Բոլոր բյուգելային պրոթեզների գլխավոր առավելությունն է համաին զգացողության և խոսքի հստակության պահպանումը, բացի դրանից` այդ պրոթեզների խնամքը բարդ չէ, և անհրաժեշտ չէ հանել գիշերը:
• Կլամերների վրա. կլամերները մետաղե կեռիկներ են, որոնք ընգրկվում են հենարանային ատամի վզիկի շրջանում, նրանք ամրացվում են առանց էմալը տաշելու, բայց նման պրոթեզը բավարար էսթետիկ չէ: Կեռիկները նկատելի են ժպտալու ժամանակ: Սակայն հաճախակի կլամերները կարող են ձուլվել լնդի գույնին համապատասխան, որպեսզի կառուցվածքը լինի ավելի էսթետիկական:
• Աթաչմենթների վրա․ աթաչմենթները փականիկներ են, որոնց մի մասը աննկատ ձևով ամրացվում է պրոթեզին, իսկ մյուս մասը՝ ատամին: Նման պրոթեզը լիովին անշարժ է, այդ իսկ պատճառով հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է հենարանային ատամների վրա: Այս տարբերակը թույլ է տալիս որպես հիմք օգտագործել ոչ միայն լնդերը, այլև բնական ատամները: Նման կառուցվածքները ֆիքսվում են փականի այն մասին, որը պրոթեզի ներսում է գտնվում, այսպիսով կողքից այն աննկատ է: Ամրացման այս տեսակը ապահովում է առավել ամուր ֆիքսվածություն և ավելի քիչ տեղ է զբաղեցնում բերանի խոռոչում:
• Փոխագուցավոր շապիկների վրա․ այս շապիկները կազմված են երկու մասից։ Ներքևի մասը հանովի չէ, այն ֆիքսվում է հենարանային ատամների վրա (ըստ ձևի իրենից ներկայացնում է շապիկի համար շրջատաշված ատամ), վերևի մասը հանովի է, ֆիքսվում է բյուգելային պրոթեզի մետաղական հիմքին:Այսպիսի կառուցվածքները ծամելու ժամանակ ճնշումը հաղորդում են ոչ միայն հենարանային ատամներին, այլև ծնոտի ոսկրին՝ բաշխելով ծամողական ուժը համանման ֆիզիոլոգիականին:
• Հեծանային կառուցվածքների վրա․ սա պայմանական շարժական կառուցվածք է, որը փոխարինում է ամբողջ ատամնաշարը և ֆիքսվում իմպլանտների վրա: Ատամների մեծ քանակի վերականգնման համար պետք չէ յուրաքանչյուր ատամի տակ իմպլանտ տեղադրել: Անհրաժեշտ է ընդամենը մի քանի մետաղական կառուցվածք, որոնք հավասարաչափ բաշխված կլինեն ատամնային աղեղով: Սա հնարավորություն կտա՝ վերականգնելու ամբողջ ատամնաշարը՝ նվազեցնելով բուժման արժեքը: Ոսկրի հավասարաչափ բեռնվածության շնորհիվ իմպլանտների միջև ոսկրային հյուսվածքը չի պակասում պրոթեզների տակ, և դրանք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել՝ առանց իմպլանտների կամ ամրացման հեծանային համակարգի վնասման: